• Latest news

Ոտքի կանգնել ծանր վնասվածքներից հետո. 15–ամյա Մհերի ու 10–նամյա Արիինի պատմությունը

21 հուլիսի, 2023  15:44

«Արաբկիր» բժշկական համալիրի կլինիկական վերականգնողական բաժանմունքում փորձում են կրկին ոտքի կանգնեցնել 15–ամյա Մհեր Ավդալյանին։ Նրա հետ աշխատում է ֆիզիոթերապիստների և էրգոթերապիստների մասնագիտացված թիմ:

Փետրվարի 20-ին Մհերը ենթարկվել է վրաերթի։ Նրան տեղափոխել են հիվանդանոց ծայրահեղ ծանր վիճակում՝ գանգուղեղային վնասվածքով, բազմաթիվ կոտրվածքներով, այդ թվում՝ ծոծրակի։ Ինը օր անց կոմայից դուրս է եկել, սակայն ուներ բարդացած թոքաբորբ, շարժվելու և հաղորդակցվելու խնդիրներ։

«Արաբկիր» ԲՀ-ի կլինիկական վերականգնողական բաժանմունքի ղեկավար Լիանա Աղաջանյանը պատմում է, որ տղան երկար ժամանակ գտնվել էր հորիզոնական դիրքում, ինչը դժվարացնում էր նստեցնելու ընթացքը։ Սակայն որոշ ժամանակ անց բժիշկներին հաջողվեց նստեցնել երեխային, նա սկսեց ինքնուրույն վերկենալ, կանգնել, օգտագործել ձեռքերը։

Մհերի մայրը` Գոհար Ավդալյանը հավատում է՝ այս փուլը ևս կհաղթահարեն, երեխան կկարողանա քայլել։ Այս գործում մասնագետներից բացի Մհերին օգնում է նաեւ ընտանիքը:

Լիանա Աղաջանյանը նշում է, որ ռեաբիլիտացիան ուղղված է երկրորդային խնդիրների բացառմանը, շատ դեպքերում հիվանդները կարող են կյանքից հեռանալ հենց դրանց պատճառով՝ վերքեր, անոթային խցանումներ և այլն։

Սուր փուլում վերականգնողական բուժման ավարտից հետո տղայի վիճակն արդեն կայունացել էր։ Նա կարողանում էր ինքնուրույն նստել, խմել եւ ուտել, լիարժեք վերականգնվել էր շնչառական ֆունկցիան եւ հեռացվել տրախեոստոման։ Դրանից հետո սկսվել է վերականգնողական բուժման հաջորդ փուլը` Արաբկիր բժշկական համալիրի Արբես առողջության կենտրոնում:  Մհերը դեռ տեղաշարժվում է անվասայլակով, սակայն բժիշկ Լիանա Աղաջանյանի խոսքով՝ դա արդեն մեծ ձեռքբերում է եւ հույս ունեն, որ Արբեսի պարապմունքներից հետո կվերականգնվեն նաեւ կանգնելու եւ տեղաշարժվելու ֆունկցիաները:

Բժիշկը ևս մեկ բարդ դեպքի մասին է պատմում. 10–ը տարեկան Արիին Պետրոսյանը «Արաբկիր» բժշկական համալիր էր տեղափոխվել ծանր ավտովթարից հետո։ Պատահարը տեղի էր ունեցել Իրաքում։ Այնտեղ երկու ամիս աղջիկը մնացել էր վերակենդանացման բաժանմունքում, որից հետո՝ տեղափոխվել էր Հայաստան վերականգնողական բուժման։ Առողջապահության նախարարության կողմից ուղղորդվել էր Արաբկիր բժշկական համալիր, որտեղ գործում է հատուկ մասնագիտացված կլինիկական վերականգնողական բաժանմունք։

«Ինչու կլինիկական ռեաբիլիտացիա, քանի որ այլ բժշկական խնդիրներ կան ևան և անվտանգ չէ ուղղակի գտնվել ստացիոնարում, որտեղ չկա բազմամասնագիտական թիմ, որը կկարողանա համապատասխան ժամանակին ծառայություն մատուցել»-ասում է նա։

Արիինը պատգարակով էր տեղափոխվել բուժհամալիր։ Ուներ բազմաթիվ կոտրվածքներ, շունտավորված էր, ստանում էր հակացնցումային բուժում։ Նյարդաբանական վնասման հետևանքով՝ չէր կարողանում պահել գլուխը, նստել, շրջվել անկողնում, խոսքը բացակայում էր: Երեխան հայերեն չէր հասկանում, ինչը դժվարացնում էր բժիշկների աշխատանքը: Արիինի մեծ՝ ութ հոգանոց ընտանիքից, միայն ինքն ու փոքր եղբայրն են ողջ մնացել։ Հայաստանում նրա խնամքով զբաղվում էին բարեկամները:

Բժիշկ Լիանա Աղաջանյանը պատմում է՝ վերականգնողական աշխատանքներից հետո երեխան կարողանում էր ինքնուրույն նստել, նստած դիրքը կայուն պահել, օգտագործել ձեռքերը։ Չնայած նեվրոլոգիական դեֆիցիտի առկայության պատճառով գործողությունները վրիպումներով էին կատարվում, միևնույն է երկու ձեռքը լավ օգտագոծում էր։ Հաղորդակցումը նույնպես բարելավվել էր՝ սկսել էր հայերեն խոսել և հասկանալ, չնայած, որ հիմնական լեզուն արաբերենն է։ Վերականգնումը  հասել էր այն փուլին, երբ երեխան կարողանում էր բռնվել և կանգնել, սակայն քայլքը դեռ չէր հաջողվել մշակել։

Վերականգնողական թերապիան թիմային աշխատանք է, որը կորդինացնում է բժիշկ-վերականգնողաբանը եւ որտեղ ամեն մասնագետ իր գործն է անում. ֆիզիոթերապիստն աշխատում է խոշոր շարժումները բարելավելու ուղղությամբ` նստել, կանգնել, տեղաշարժվել, քայլել, զարգացնել հավասարակշռությունն ու կոորդինացիան։ էրգոթերապիստի օգնությամբ վերականգնվում են ինքնասպասարկման հմտությունները` ուտել, հագնվել, սանրվել, լվացվել, զգայական ընկալիչների զարգացմամբ կատարել նուրբ գործողություններ` մանր առարկաներով, իսկ լոգոպեդի աշխատանքն ուղղված է խոսքի ընկալմանն ու արտաբերմանը, նաեւ կլման ակտի խանգարումները շտկելուն` սննդի եւ հեղուկի անվտանգ ընդունումն ապահովելուհամար:

«Ամենակարևորն է մեր աշխատանքում, որպեսզի հետաքրքրություն և մոտիվացիա առաջանա երեխայի մոտ՝ առաջ գնալու»,- ասում է բժիշկը։

Այսպես, դանդաղ քայլերով առաջ գնալով, 4 ամիս անց թիմը ճանապարհեց բոլորի սիրելին դարձած Արիինին, որն արդեն կատակներ էր անում, նույնիսկ նմանակում կողքի սենյակում պարապող Մհերին: Ընտանիքի բարեկամ հորեղբայր Վիգենն էլ, ինչպես Արիինն էր նրան կոչում, երեխաների հետ եկել էր տատիկի շնորհակալական խոսքը փոխանցելու։

Արիինի և Մհերի նման՝ «Արաբկիր» բժշկական համալիրի վերականգնողական ծառայությունում կյանքի որակը բարելավելու հնարավորություն են ստանում բազմաթիվ երեխաներ ու մեծահասակներ, այդ թվում՝ վիրավորում ստացած զինվորներ: Մասնագիտական թիմի օգնությամբ նրանք վերագտնում են իրենց կորցրած հմտություններն ու վերաինտեգրվում՝ անցնելով կյանքի հաջորդ փուլերին:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել